Պերսեպոլիս
Persepolis

2007, Ֆրանսիա/ԱՄՆ, 92 րոպե (1:32 ժամ)
Տեխնիկական Տվյալներ` Գունավոր /35մմ /1.85:1/ Dolby Digital

Սցենարիստ/ռեժիսոր` Վենսան Պարանո, Մարջանե Սատրապի
Պրոդյուսեր` Մարկ-Անտուան Ռոբեր, Խավիեր Ռիգոլ
Դերերը ձայնավորել են՝
Շոն Փեն (Մարջանեի հայր պարոն Սատրապի, անգլերեն տարբերակում) , Ջենա Ռոուլենդս,Կատրին Դընյով, Իգի Փոփ (Անուչ հորեղբայր, անգլերեն տարբերակում), Քիարա Մաստրոյանի, Սիմոն Աբգարյան, Դանիել Դարյո։

 

 

«Պերսեպոլիսը» հուզիչ պատմություն է իսլամական հեղափոխության ժամանակ Իրանում ապրող երիտասարդ աղջկա մասին: Խելամիտ և շիտակ իննամյա Մարջանեի աչքերով տեսնում ենք, թե ինչպես են խորտակվում մարդկանց հույսերը, երբ ֆունդամենտալիստներն անցնում են իշխանության գլուխ` ստիպելով կանանց ծածկվել և բանտարկելով հազարավոր մարդկանց: Խելացի և անվախ այդ աղջիկը խորամանկությամբ գերազանցում է «հասարակական վերակացուներին»: Սակայն երբ նրա հորեղբորը սառնասրտորեն մահվան են դատապարտում և երբ Թեհրանը ռմբակոծվում է իրան-իրաքյան պատերազմի ժամանակ, հանապազօրյա վախը, որ ներթափացում է թեհրանցիների կյանք, շոշափելի է դառնում:

Երբ Մարջանեն մեծանում է, աղջկա համարձակությունը ստիպում է ծնողներին անհանգստանալ նրա հետագա անվտանգության համար: Եվ այսպիսով, տասնչորսամյա աղջկան որոշում են ուղարկել Ավստրիա՝ ուսումնառության: Օտար երկրում լինելով խոցելի և միայնակ` նա դիմակայում է չափահասին բնորոշ փորձությունների: Որոշ ժամանակ անց նա հարգանք է ձեռք բերում, և նույնիսկ սիրո զգացում է ապրում, բայց ավագ դպրոցից հետո նա նորից իրեն միայնակ է զգում և սաստիկ կարոտում է հայրենիքը: Ընտանիքին միանալու նպատակով Մարջանեն որոշում է վերադառնալ Իրան, որպեսզի մոտ լինի իր ընտանիքին՝ չնայած դա նշանակում էր գլխաշոր կրել և ապրել բռնատիրական հասարակությունում: Հարմարվելու մի դժվար ժամանակամիջոց անցկացնելուց հետո նա ընդունվում է արվեստի դպրոց և ամուսնանում` միաժամանակ շարունակելով դիմադրել այն երեսպաշտությանը, որին ականատես է լինում: Քսանչորս տարեկանում նա հասկանում է, որ, չնայած ինքը խորապես իրանցի է, այլևս չի կարող ապրել Իրանում: Նա որոշում է մեկնել Ֆրանսիա` լինելով լավատես իր ապագայի համար:

Մարջանե Սատրապիի կոմիքսային վեպերը` «Պերսեպոլիս. մի մանկության պատմությունը» («Պանթեոն», 2003, անգլերեն տարբերակ) և «Պերսեպոլիս 2. վերադարձի պատմություն» («Պանթեոն», 2004, անգլերեն տարբերակ) լայն տարածում գտան նրա այժմյան բնակավայր Ֆրանսիայում և ողջ աշխարհում: Այժմ նա Վենսան Պարանոյի հետ միասին նկարահանում է իր հուշերի վրա հիմնված անիմացիոն կինոնկար:

Պերսեպոլիս անվանումը գալիս է դեռևս մ. թ. ա. 6-րդ դարում Դարեհ Ա-ի հիմնած պարսկական քաղաքի անունից, որը հետո կործանեց Ալեքսանդր Մակեդոնացին: Դա հիշեցում է մի հին և մեծ քաղաքակրթության մասին` զավթիչներից պաշարված, բայց հազարամյակներ գոյատևող, որն ավելի խորն ու ամբողջական է, քան այժմյան Իրանի կերպարը` որպես ֆունդամենտալիզմի, մոլեռանդության և ահաբեկչության մոնոմշակույթ:

«Իմ կարծիքով՝ մի ամբողջ ազգ չպետք է քննադատվի մի քանի ծայրահեղականների սխալների պատճառով,– ասում է Սատրապին: –Ես նաև չեմ ցանկանում, որպեսզի այն իրանցիները, ովքեր մահացան բանտախցերում` պաշտպանելով ազատությունը, ովքեր զոհվեցին Իրաքի դեմ պատերազմում, ովքեր տառապեցին տարբեր համակարգների ներքո կամ ովքեր լքեցին իրենց ընտարիքներին և փախան իրենց հայրենիքից, մոռացության մատնվեն»:

Մրցանակներ

Ժյուրիի մրցանակ (Վենսան Պարանո, Մարջանե Սատրապի), Կաննի կինոփառատոն, 2007
Սաթերլենդի գավաթ (Մարջանե Սատրապի, Վենսան Պարանո), Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի մրցանակ, 2007
Ժյուրիի հատուկ մրցանակ (Մարջանե Սատրապի, Վենսան Պարանո), Cinemanila International Film Festival, 2007
Լավագույն անիմացիա, Los Angeles Film Critics Association 2007
Արտահայտվելու ազատություն մրցանակ, National Board of Review, ԱՄՆ, 2007
Լավագույն անիմացիոն ֆիլմ, New York Film Critics Circle Awards, 2007
Ունկնդրի մրցանակ (Մարջանե Սատրապի, Վենսան Պարանո), São Paulo International Film Festival, 2007
Ամենատարածված ֆիլմ, Vancouver International Film Festival, 2007

Կենսագրություն

Մարջանե Սատրապի, ծնվել է Իրանի Ռաշտ քաղաքում, մեծացել է Թեհրանում, կոմունիստական ընտանիքում, որը մինչ իսլամական հեղափոխությունը ներգրավված էր Իրանում կոմունիստական և սոցիալիստական շարժման մեջ: Նա հաճախել է ֆրանսիական լիցեյ և մանուկ հասակում ականատես եղել քաղաքացիական ազատությունների վրա աճող ճնշմանը և իրանական քաղաքականության ամենօրյա հետևանքներին, ներառյալ Շահի գահազրկումը, Այաթոլլա Խոմեյնիի վաղ ռեժիմը և Իրան-Իրաք պատերազմի առաջին տարիները:

1983 թ. ծնողները տասնչորսամյա Մարջանեին ուղարկել են Վիեննա՝ իրանական ռեժիմից հեռացնելու նպատակով: Ըստ իր ինքնակենսագրական վեպի՝ նա ապրել է այնտեղ իր ավագ դպրոցի տարիներին և ապա վերադարձել Իրան՝ բարձրագույն ուսուցում ստանալու: Համալսարանում հանդիպել է Ռզա անունով մի մարդու, հետն ամուսնացել քսանմեկ տարեկանում և բաժանվել երեք տարի անց: Այնուհետև ուսումնասիրել է տեսողական հաղորդակցություն՝ ժամանակի ընթացքում ձեռք բերելով մագիստրոսի կոչում Թեհրանի Ազադ Համալսարանի արվեստի բաժնում:

Հետագայում Սատրապին տեղափոխվել է Ստրասբուրգ (Ֆրանսիա)։ Այժմ բնակվում է Փարիզում, որտեղ աշխատում է որպես պատկերազարդող և մանկական գրքերի հեղինակ: Աշխատակցում աշխարհի տարբեր ամսագրերի և թերթերի, ներառյալ «Նյու Յորքըրին» և «Նյու Յորք թայմսին»:

Սատրապիի կարիերան զարգացում է ապրել, երբ նա հանդիպել է ֆրանսիացի կոմիքսային նկարիչ Դավիդ Բ-ին: Նա ձեռք բերեց Դավիդի նկարչության ոճը, հատկապես իր վաղ աշխատանքներում: Աշխարհում բեսթսելեր են դարձել Սատրապիի կոմիքսային ինքնակենսագրական «Պերսեպոլիսը» (Անգուլեմի Միջազգային կոմիքսային փառատոնում արժանացել է մրցանակի) և «Պերսեպոլիս 2-ը»: Նրա հաջորդ գրքերը՝ «Ասեղնագործությունները» և «Poulet aux prunes» նույնպես արժանացել են Անգուլեմի «Տարվա ալբոմ» մրցանակներին։