Հայկական անիմացիայի համառոտ պատմություն

Հայ մարդը պատկերը փորձել է շարժման մեջ դնել դեռ նախապատմական ժամանակներում։ Արդեն հայկական ժայռապատկերներում կարելի է տեսնել փուլային գործողություն ցույց տվող պատկերներ: Նույն միտումը նկատելի է նաև հայ միջնադարյան մի շարք մանրանկարներում, որտեղ առանձին պատկերաշարերով փորձ է արվել ցուցադրել շարժում և գործողություն։

Դրանից հետո, կարելի է ասել, բավական ժամանակով ընդհատվում է «մուլտմտածողությունը» իր ամենատարբեր դրսևորումներով:

Եվ սակայն 20-րդ դարում, այսինքն՝ կինոյի դարում, Ադամի առաջին կնոջ՝ Լիլիթի մասին ավանդազրույցի անիմացիոն վերաիմաստավորումը Ռոբերտ Սահակյանցը կպատկերի գրքային հնագույն մանրանկարների ոճով («Լիլիթ», 1972):

Արդ, ժամանակագրական կարգով մի քանի խոսք հայ մուլտիպլիկացիայի բուն պատմությունից:

1937 թվականը հայտնի է իբրև խորհրդային ժամանակների ամենամռայլ տարեթիվը: Սակայն այդ օրերի պատմության մեջ եղել է գոնե մեկ լուսավոր կետ. Հայաստանում սկսվել են մուլտֆիլմերի նկարահանումներ: Առաջին կինոնկարը՝ «Շունն ու կատուն», ստեղծել է մեր մուլտիպլիկացիայի հիմնադիր Լև Ատամանովը (Ատամանյան) Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի հիման վրա:
Հետագայում էլ հաճախ են հայ մուլտիպլիկատորները (կինեմատոգրաֆիստների նմանությամբ) դիմել մեծ գրողի ստեղծագործությանը: Երկրորդ մուլտֆիլմը՝ «Տերտերն ու այծը», Ատամանովն ավարտում է 1941-ին, պատերազմի նախօրեին: Սկսված հաջորդ աշխատանքի՝ «Կախարդական գորգի» (նկ. Հակոբ Կոջոյան, Մ. Կարապետյան) նկարահանումներն ավարտի են հասցվում պատերազմի ավարտից հետո արդեն, 1947-ին: Այնուհետև ստեղծագործական խումբը կազմալուծվում է, և հայկական մուլտիպլիկացիայի պատմությունն ընդհատվում է գրեթե 20 տարով:

1960-ականների կեսերին նկարիչ Վալենտին Պոդպոմոգովը նախաձեռնում է հայ մուլտիպլիկացիայի «ռեանիմացիան»: 1967-ին էկրանացվում է դարձյալ Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրը», 1970-ին՝ «Փարվանա» (ռեժ. և նկ.՝ Վ.Պոդպոմոգով):

1960-ականների վերջերին հայ մուլտիպլիկացիայում սկսում է աշխատել խաղարկային կինոյի նկարիչ Ստեփան Անդրանիկյանը (նա է եղել  Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» և այլ ֆիլմերի նկարիչը):  Վերջինիս նկարած, նաև բեմադրած «Արևի հարսնացուն» ֆիլմը (1971) համարվում է առանձնահատուկ, շրջադարձային: Այն աչքի է ընկել գունեղ պլաստիկայով, գեղանկարչական յուրօրինակ ձեռագրով:

1970-ականները իրավամբ համարվում են մեր ազգային մուլտիպլիկացիոն ֆիլմարվեստի ծաղկման տարիներ: Նկարահանվում են պատկերային ինքնատիպ լուծում ունեցող տարբեր ժանրերի ֆիլմեր՝  հասցեագրված թե՛ մանուկ, թե՛ մեծահասակ հանդիսատեսին. Ռաֆայել Բաբայանի «Պույ-պույ մկնիկը» (1971), «Աբու Հասանի մաշիկները» (1974), «Երաժշտությունը» (1976, սց. հեղ. Ա.Այվազյան), Ռոբերտ Սահակյանցի «Լիլիթը» (1972), «Անբան աղվեսը» (1976), «Կիկոսը» (1979), Լևոն Խաչատրյանի «Ծույլը» (1975), Լյուդմիլա Սահակյանցի «Մկների ժողովը» (1978) և այլն:

1973-ին, բեմադրիչներ Արմեն Միրաքյանը և Է.Վարդանյանը հիմք են դնում հայ տիկնիկային մուլտիպլիկացիային՝ ստեղծելով «Սխալ արտահայտություն» տիկնիկային կինոնկարը: Հայ մուլտարվեստում բոլորովին նոր խոսք էր Ռոբերտ Սահակյանցի «Աղվեսագիրք» (1975) մուլտիպլիկացիոն մինի-օպերան (կոմպոզիտոր՝ Դավիթ Ազարյան), որը  ստեղծվել է ըստ միջնադարյան հայ առակագիր Վարդան Այգեկցու ստեղծագործությունների: Մուլտֆիլմին յուրօրինակ հմայք է հաղորդել մեծատաղանդ երգչուհի Էլվինա Մակարյանի երգեցողությունը։
Հայ մանուկների թերևս ամենասիրած հայկական մուլտֆիլմերն են Ստեփան Անդրանիկյանի «Պինգվին Վինը» (1972) և Հովհաննես Դիլաքյանի «Գտնված երազը» (1976), որոնցում հնչող մի շարք արտահայտություններ և երգեր մտել են առօրյա կյանք։ «Գտնված երազը» մուլտֆիլմի բարի, երազահեքիաթային մթնոլորտի կերտմանը հատկապես նպաստել է Ռուբեն Հախվերդյանի մեծ տարածում գտած մեղեդային երգերի կատարումը։

1980-ականները նույնպես ամրագրվում են իբրև ստեղծագործական վերելքի տարիներ: Եվ ամենից հաճախ հեղինակները դարձյալ դիմում են Թումանյանին. մեծ գրողի թողած ժառանգությունը, հիրավի, իր հետաքրքիր անիմացիոն մեկնաբանությունը գտավ մեր ազգային մուլտիպլի-կացիայում՝ փոխակերպվելով յուրօրինակ պատկերային մտածողության. Ռոբերտ Սահակյանցը նկարահանում է «Քաջ Նազարը» (1980), «Խոսող ձուկը» (1983), «Բարեկենդանը» (1985), Գայանե Մարտիրոսյանը՝ «Իմաստունի երեք խորհուրդը» տիկնիկային կինոնկարը (1980), «Շնորհալի իշուկը» (1985), Վլադիմիր Մայիլյանը՝ «Բարեսիրտը» (1983), «Մոլորակ 888» (1985), Ռոբերտ և Լյուդմիլա Սահակյանցները նկարահանում են «Սուտլիկ որսկանը» (1981), «Արձագանքը» (1986), նրանց սցենարով Ստեփան Գալստյանը նկարում է «Ձախորդ Փանոսը» (նկարիչ՝ Աշոտ Բայանդուր): Կինոռեժիսոր Արման Մանարյանը նկարահանում է «Հեքիաթ հայելու մասին» մուլտիպլիկացիոն ֆիլմը (նկարիչ՝ Ալեքսանդր Պետրով, 1982): Յուրօրինակ հեղինակային աշխատանք է Լյուդմիլա Սահակյանցի «Երազահան» (ըստ Մխիթար Գոշի առակների, 1989) տեսլապատումը:
Հայ մուլտիպլիկատորների շարքերը համալրվում են երիտասարդ նկարիչներով՝ Մարինա Վաղարշյան («Հողմաղացը»), Էլլա Ավագյան («Ծանոթ դեմքեր») և այլք: 1990-ականներին նոր փուլ է սկսվում երկրի պատմության մեջ. խորհրդային համակարգի փլուզում, նոր անկախ պետականության հիմնում, և սակայն, դժվարին ժամանակներ:
Տնտեսական ճգնաժամը չի ազդում Ռոբերտ Սահակյանցի աշխատունակության վրա. «Քեզ՝ Հայաստան», «Սեղմակոճակ», «Կացին», «Ընտրություններ» (Ռ. Հախվերդյանի երգի հիման վրա), «Տապան» և այլն: Սակայն ժամանակն իր կնիքն է դնում վերջինիս ոճի վրա. անվանի մուլտիպլիկատորի գործերում ավելի ու ավելի մեծ տեղ են գրավում ծաղրը, կծու հեգնանքը:

Հատկանշական է, որ 1990-ականների բավականին բարդ պայմաններում մեր երկրում նկարվել է մոտ 20 անիմացիոն ֆիլմ:

1990-ականներից հայ մուլտարվեստում իրենց գործունեությունն են շարունակում Գայանե Մարտիրոսյանը՝ «Քամու թևերին», «Տարաշխարհիկները», «Հին ջրաղացի բարի ոգիները», «Բարի ոգիների նոր արկածները», Ստեփան Գալստյանը՝ «Միջանցք», «Այլընտրանք», Յուբիկ Մուրադյանը՝ «Տան խաղաղ հովտում», «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին», «Բիթլիս» (ըստ Վիլյամ Սարոյանի պատմվածքների), «Հայոց գրեր», Նաիրա Մուրադյանը՝ «Երեք պոետ և Չարենց»: Խաղարկային կինոյում իր ծանրակշիռ խոսքն ասած Արման Մանարյանը, դարձյալ հանդես գալով որպես մուլտիպլիկատոր, նկարում է «Տգետը»: Վերջերս նա ավարտեց «Սասունցի Դավիթ» մուլտկինոնկարը, որի աշխատանքները տևեցին մի քանի տարի:

Վերջին տարիներին թեև Հայաստանում չկա մուլտիպլիկացիոն կինոյի կանոնավոր արտադրություն, սակայն ստեղծվում են նոր աշխատանքներ, որոնցից հիշարժան են Միքայել Վաթինյանի «Բոժոն», Դավիթ Սահակյանցի «Օրորը»։